«ՄԵՆՔ» առաջնորդության ակումբ․ ամառային դպրոց
"ՄԵՆՔ" առաջնորդության ակումբ․ ամառային դպրոց (համառոտ կարագրություն)
Մերօրյա ներքին և արտաքին մարտահրավերներն ավելի ակնառու են դարձնում տարաբնույթ ոլորտներում բանիմաց առաջնորդների անհրաժեշտությունը։ Նման առաջնորդների ձևավորման ճանապարհին կարևոր նշանակություն ունի նրանց գիտագործնական փորձի կուտակումը։ Այդ նպատակով էական դեր է խաղում բուհական կրթական ծրագրերի կողքին տեսականից գործնական անցում ապահովող կրթական կարճաժամկետ ծրագրի առկայությունը, որը հնարավորություն կտա ուսման մեջ առաջադիմություն ցուցաբերող համալսարանական ուսանողությանը, խոստումնալից ասպիրանտներին և երիտասարդ գիտաշխատողներին ժամանակակից մասնագիտական պահանջների շրջանակում ստանալ անհրաժեշտ փորձառություն։ Այս նպատակով «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համարում կազմակերպել «Մենք» առաջնորդության դպրոց» ենթածրագիրը։ Այն հանդիսանում է «ՄԵՆՔ» առաջնորդության ակումբ ծրագրի մասնիկը։ Ենթածրագրի մասնակիցների ընտրության հարցում առկա են որոշակի սահմանափակումներ և պահանջներ։ Սույն տարում ծրագրի մասնագիտական ուղղվածությունը կլինի լրագրության ասպարեզը։ Ենթածրագիրը միտված է ձևավորելու մասնակիցների միջև գործընկերային կապեր, զարգացնելու մասնագիտական ունակություններ։ Այդ ընթացքում մասնագիտական հմտությունների, գիտելիքների զարգացման և դրանց գործնականում կիրառման շարունակականությունն ապահովելու նպատակով ծրագրի մասնակիցները, ցանկության դեպքում, կկարողանան շարունակել «Մենք» առաջնորդության ակումբի շրջանակում։ Ծրագրի ավարտին մասնակիցներին կտրվի մասնակցությունը փաստող վկայական։ Հարցարանը լրացնելու վերջնաժամկետը հունիսի 30-ն է։ Ենթածրագիրը իրականացվելու է Երևանում հուլիս ամսվա երկրորդ կեսին։
Ովքե՞ր կարող են մասնակցել։
Ծրագրի մասնակիցների շրջանակը նախատեսում է ներառել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին և սփյուռքահայերին, ովքեր սովորում են ՀՀ բուհերի բակալավրում ու մագիստրատուրայում, ինչպես նաև մինչև 25 տարեկան ասպիրանտներին և գիտաշխատողներին։ Ծրագրին կարող են մասնակցել նաև նախորդ տարվա ընթացքում Հիմնադրամի նմանօրինակ ծրագրերի մասնակիցները։
Որպես առավելություն են ընդունվում օտար լեզուների իմացությունը, կամավորության փորձը, հասարակական դաշտում ծավալած աշխատանքը։
Ինչպե՞ս են ընտրվելու մասնակիցները։
Մասնակիցների ընտրությունն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլում մասնակիցները լրացնում են մասնակցության էլեկտրոնային հայտը։ Ծրագրի առաջին փուլով նախատեսված մասնակցության էլեկտրոնային հայտի լրացման վերջնաժամկետն հունիսի 30-ն է։ Որպես հավելյալ դրական ցուցանիշ է դիտարկվում մասնակիցների հասարակական գործունեության, հրապարակախոսային կամ լրատվական բնույթի հրապարակումների մասին տվյալների ներկայացումը էլեկտրոնային հարցարանում։ Էլեկտրոնային հարցարանի տվյալների ուսումնասիրությունից հետո հիմնադրամի կողմից ընտրվում են պահանջներին առավելապես բավարարող մասնակիցները։ Այդ մասին վերջիններս տեղեկացվում են էլ․ հասցեներին ուղարկված նամակների կամ հեռախոսազանգերի միջոցով։ Նրանք անցնում են երկրորդ փուլ։ Այս փուլում մասնակիցների հետ հիմնադրամի տնօրենը անց է կացնում, առկա կամ հեռավար ձևաչափով, բանավոր հարցազրույց։ Արդյունքում տնօրենը ընտրում է ծրագրի վերջնական մասնակիցներին։ Այդ մասին ընտրված մասնակիցները տեղեկանում են էլ․ հասցեով ուղարկված ծանուցող նամակների միջոցով։
Մեր բանախոսները։
Ինչպե՞ս է ընթանալու սեմինարը։
Սեմինարը ծրագրի առաջին մասն է կազմում։ Այն տևում է յոթ աշխատանքային օր։ Դասընթացն ենթադրում է տեսական դասախոսություններ, գործնական աշխատանք։ Գործնական աշխատանքները ենթադրում են 1 վերլուծական հոդվածի պատրաստում։ Վերջինս պետք է համապատասխանի «Հավելված 1» չափանիշներին։ Գործնական աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը վերջին դասընթացների օրվան հաջորդող օրն է։ Աշխատանքները ուղարկվում են էլ․ տարբերակով՝ հիմնադրամի պաշտոնական էլ․ հասցեին։ Ավարտական աշխատանքները կարող են հրապարակվել www.ditarkum.info կայքում։
Ինչպե՞ս է ապահովվելու ծրագրի մասնագիտական շարունակականությունը։
Սեմինարի ավարտից հետո սկսվում է ծրագրի երկրորդ մասը։ Մասնագիտական հմտությունների, գիտելիքների զարգացման և դրանց գործնականում կիրառման շարունակականության ապահովման նպատակով մասնակիցները, ցանկության դեպքում, մաս կկազմեն «Մենք» առաջնորդության ակումբին։ Այն կփորձի գեներացնել հետաքրքիր գաղափարներ, հանդես գալ տարաբնույթ նախագծերով՝ իբրև երիտասարդական հարթակ միավորելով բանիմաց և նպատակասլաց հայրենակիցների։ Ակումբի անդամները կներկայացնեն իրենց ընթացիկ մասնագիտական դիտարկումները, հայրենի և համաշխարհային անցուդարձի մասին քննարկումները www.ditarkum.info կայքում։