Հանուն գյուղացու աշխատանքի — 2022
Հանուն գյուղացու աշխատանքի (համառոտ նկարագրություն)
Հայրենի սահմանամերձ գյուղերում օրեցօր գլուխ բարձրացնող խնդիրները միշտ չէ, որ ունեն համալիր կամ մասնակի լուծում ենթադրող ծրագրեր։ Առավել ևս այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն գյուղում ապրող երիտասարդին հայրենի բնակավայրում մնալու և արարելու ցանկությանը։ Ուստի, «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համարում կազմակերպել «Հանուն գյուղացու աշխատանքի» ծրագիրը։ Ծրագիրն առաջին հերթին իրականացվելու է Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղական բնակավայրերում, ինչպես նաև, հնարավորության սահմաններում, հայրենի այլ գյուղական բնակավայրերում։ Ծրագիրը ներառում է երկու հիմնական ուղղություն․ առաջին՝ ուսումնասիրություն, երկրորդ՝ գյուղատնտեսական ենթածրագերի իրականացում։ 2021 թ․ Սյունիքի մարզի երկու սահմանամերձ գյուղերում իրականացված ուսումնասիրության ընթացքում վեր հանված խնդիրների դիտարկման արդյունքում հիմնադրամին գյուղմասնագետի կողմից ներկայացվել են չորս տարբեր ենթածրագրեր։ 2022 թ․ ընտրվել է այդ ենթածրագրերից մեկը, որը նպատակ ունի փորձնական ընտրված սահմանամերձ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ, Եղվարդ և Ծավ գյուղերում, հնարավորության դեպքում նաև Կապանի տարածաշրջանի սահմանամերձ այլ գյուղական բնակավայրերում, ձեռնարկել խոզերի բուծում։ Դիտարկումների արդյունքում ընտրված գյուղացիներին նվիրաբերվելու են երկուական խոճկորներ։ Արդյունքում, առաջին խոճկորների ծնվելուց հետո ծրագրի մասնակից խոզաբույծ գյուղացիները յուրաքանչյուր էգ խոզից մեկական խոճկոր են վերադարձնելու հիմնադրամին։ Այդ խոճկորներն էլ իրենց հերթին հիմնադրամը կնվիրի ծրագրի նոր մասնակիցներին՝ այդ կերպ նպաստելով ծրագրի շարունակականությանը։
Հայտերը ընդունվում են մինչև հոկտեմբերի 11-ը։
Ովքե՞ր կարող են մասնակցել։
Ծրագրին կարող են մասնակցել վերոնշյալ պահանջներին բավարարող 18-40 տարեկան այն տղաները, ովքեր հանդիսանում են ՀՀ սահմանամերձ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ, Եղվարդ, Ծավ գյուղական բնակավայրերում փաստացի բնակվող ՀՀ կամ Արցախի հանրապետության քաղաքացիներ, ինչպես նաև՝ Սփյուռքից հայրենադարձվածներ։ Ծրագրի մասնակից կարող են դառնալ նաև այն մասնակիցները, որոնք ունեն ՀՀ բուհերում սովորող ուսանող մեկ և ավելի երեխաներ, միայնակ մոր կամ հոր կարգավիճակ և իրենց խնամքի տակ ունեն անչափահաս երեխաներ, Արցախյան վերջին պատերազմում մասնակցի կամ ժամկետային զինծառայող, երկու և ավելի անչափահաս երեխաներ։
Ինչպե՞ս են ընտրվելու մասնակիցները։
Սահմանված ժամկետներում հայտատուն լրացնում է էլեկտրոնային հարցարանը և [email protected] էլ․ հասցեին է ուղարկում ուղարկում անհրաժեշտ փաստաթղթերի սքան տարբերակները (անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր կամ ID քարտ, փաստացի բնակության վայրի մասին տեղեկանք, իր կողմից խոզաբուծությամբ զբաղվելը հաստատող փաստերի՝ գոմի, ներկայում պահվող խոզի/երի լուսանկարները, առկայության դեպքում՝ Արցախյան վերջին պատերազմում մասնակցի կամ ժամկետային զինծառայողի, միայնակ մոր կամ հոր կարգավիճակը, ՀՀ բուհերում սովորող ուսանող երեխայի/ների, երկու և ավելի անչափահաս երեխաներ ունենալու փաստը հաստատող տեղեկանք կամ այլ փաստաթուղ)։
Կարևոր սկզբունքներից է հայտը ներկայացնելու ընթացքում անասնապահությամբ զբաղվելու պայմանը։ Հատուկ ուշադրության են արժանանալու այն հայտատուները, ովքեր ոչ միայն փորձում են զարգացնել հայրենի գյուղում իրենց տնտեսությունները, այլ նաև՝ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ մասնակցել են հայրենիքի պաշտպանության գործին, նպաստում են գյուղի զարգացմանը՝ աշխատելով տեղի կրթական հաստատություններում։ Հայտերի ընդունման գործընթացի ժամանակ հիմնադրամի կողմից հետևողականորեն ստուգվում է սահմանված պահանջներին վերջիններիս համապատասխանելիությունը։
Հաստատվում և ընտրվում են սահմանափակ թվով մասնակիցներ։
Հիմնադրամն իրեն իրավունք է վերապահում առանց մեկնաբանությունների մերժելու նշված պահանջներին չբավարարող հայտերը։ Ընտըրված մասնակիցներին ուղարկվում է հաստատող նամակ։ Ընտրված հայտատուներից յուրաքանչյուրին հիմնադրամն իր հայեցողությամբ նվիրաբերում է մինչև մեկ ամսական երկու էգ խոճկոր։ Հետագայում նոր խոճկորների հայտնվելու ժամանակ մասնակիցները՝ որպես նվիրատվություն, հանձնում են մեկական էգ խոճկոր հիմնադրամին։ Հիմնադրամի կողմից ընտրված նոր մասնակիցներն իրենց հերթին կստանան ծրագրի մասնակիցների կողմից նվիրաբերված խոճկորները։ Հիմնադրամի և ընտրված մասնակիցների հարաբերությունները կարգավորվում են կողմերի միջև կնքված պայմանագրի շրջանակում։