ՄԵՆՔ առաջնորդության դպրոցն ամփոփեց 2022 թ․ արդյունքները
Հիմնադրամը տարին սկսեց նոր ծրագրերի մեկնարկով։ Դրանց թվում էր «ՄԵՆՔ» առաջնորդության դպրոցը։ Երիտասարդ առաջնորդների բացահայտման ու նրանց մասնագիտական որակների բարձրացմանն ուղղված ոչ ֆորմալ կրթության տարրեր պարունակող ծրագիրն արդեն մեկնարկից հաջող ընթացք արձանագրեց։ Համաձայն ծրագրի պայմանների, 2 տասնյակից ավելի հայտերից ընտրվեցին ներկայացված պայմաններին առավել համապատասխանող հայտերը։ Երկրորդ փուլում տեղի ունեցած հեռավար հարցազրույցի արդյունքում ընտրված շուրջ 9-ը մասնակիցներից ծրագրի ավարտին հասան 4֊ը։ Վերջիններս մինչև տարեվերջ ամսական դրվածքով կրթաթոշակ կստանան։
Հատուկ երախտիքի են արժանի մեր բանախոսները։ Նրանք մեր հիմնադրամի բարեկամները լինելով՝ հասարակական հիմունքներով հանձն առան իրենց փորձն ու կիրառական գիտելիքները փոխանցելու ծրագրի մասնակիցներին։ Մայիսի 16-22֊ը տեղ գտած դասընթացների ժամանակ հնարավոր եղավ դիտարկել հանրային կապերի, տնտեսական պլանավորման, նախագծերի ձևավորման և իրականացման, անվտանգային, քաղաքագիտական, սփյուռքի հետ առնչվող տարաբնույթ հարցեր, որոնք տեղավորվում էին առաջնորդության համատեքստում։ Ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկա էին նաև համալսարանական երիտասարդներ, որոնց ներկայացվեց թե՛ հիմնադրամի տեսլականը, թե՛ առկա մարտահրավերները և թե՛ համագործակցության հնարավորություննները։ Լիահույս ենք, որ մեր մասնկիցները կկարողանան ապահովել ՄԵՆՔ-ի շարունակականությունը՝ հիմք դնելով բանիմաց երիտասարդությանը միավորող նոր հարթակի՝ «ՄԵՆՔ» վերլուծական ակումբին։