Մեր գործունեության առանցքում կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում մարդասիրական առաքելության իրականացումը։ Այս իմաստով Հիմնադրամի կողմից իրականացվող գործունեության թվում ուրույն տեղ են զբաղեցնում «Գիրքը սահմանին» և «Սահմանի աշակերտի կողքին» ծրագրերը։ Այս ծրագրերի իրականացման ճանապարհին, գործակցաբար տեղի պատկան կառույցների հետ, հնարավոր եղավ վեր հանել շուրջ 18 գյուղ, որոնց աշակերտությունը հաճախում է 9 գյուղերում առկա դպրոցներ։ Դիտարկումների արդյունքում՝ Հիմնադրամի կողմից նոր ուսումնական տարվան ընդառաջ հիշյալ 9 գյուղերի 1-ից մինչև 4-րդ դասարանների շուրջ 7 տասնյակ աշակերտներ կստանան դպրոցական պայուսակներ՝ անհրաժեշտ գրենական պիտույքներով։ Բացառություն կկազմեն Կապանի քաղաքապետարանի կողմից արդեն իսկ աջակցություն ստացած առաջին դասարանցիների մի մասը։ Ավելին, այդ 9 դպրոցների գրադարանները կհամալրվեն դպրոցական ծրագրերին համահունչ շուրջ 8 տասնյակ հայ, ռուս և համաշխարհային գրականության լավագույն օրինակներ հանդիսացող գրքերով, ինչպես նաև հայոց պատմության և հանրագիտարանային գրականությամբ։
Այս ուղղությամբ ամփոփիչ քննարկումներ տեղի ունեցան Սյունիքի մարզպետարանի և հիշյալ դպրոցների տնօրենների հետ։ Հարկ ենք համարում ընդգծել, որ այս ծրագրի իրականացմանը մեծապես նպաստեց Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը և ի մասնավորի մեր նվիրյալ բարեկամ, խորհրդի նախագահ Հարություն Սուրմալյանը։