Նորություններ

Ամփոփվեց «Կրթված սերունդ» ծրագիրը․ նոր հնարավորություններ խնամքի հաստատությունների սաների համար

Ամփոփվեց «Կրթված սերունդ» ծրագիրը․ նոր հնարավորություններ խնամքի հաստատությունների սաների համար

«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի ծրագրերն առանձնանում են ոչ միայն իրենց կրթահեն ուղղվածությամբ, այլև՝ անձնական աճի և ինքնուրույնության խթանմամբ։

Հիմնադրամը 2024 թ․-ին ևս իրականացրեց «Կրթված սերունդ» ծրագիրը։ Նախորդ տարվա պես, ծրագրի իրականացման հարցում հիմնադրամը համագործակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։ Մեր շահառուները դարձան Հայաստանի երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվող՝ մասնավորապես նախարարության հովանու ներքո գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի 17-18 տարեկան 9 սաները։  

Ինքնուրույն կյանք մտնող այս երեխաները, ովքեր հաճախ զրկված են եղել անհոգ և ծնողներով շրջապատված մանկությունից, մեր առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են։

«Կրթված սերունդ» ծրագիրը երեխաներին առաջարկել է մասնագիտության ընտրության առումով ճկուն հնարավորություն, որտեղ հաշվի են առնվել առաջին հերթին հենց իրենց ցանկությունները, աշխատանք գտնելու և կարճ ժամանակում որոշակի մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու գործոնները։

Մի քանի ամսում մեր սիրելի շահառուները, իրենց նախընտրությամբ, ստացան կարժաժամկետ մասնագիտական կրթություն վարսահարդարման, դիմահարդարման, խոհարարության և կար ու ձևի բնագավառներում։

Վստահ ենք, որ կրթությունը լավագույն միջոցն է մեր պատանի շահառուներին հնարավորություն տալու կառուցել իրենց ապագան՝ անկախ կյանքի մարտահրավերներից։

Այսպիսի ծրագրերն ապացուցում են, որ յուրաքանչյուր երեխա և երիտասարդ արժանի է հավասար հնարավորությունների՝ իր երազանքներին հասնելու համար։