Նորություններ

Ամփոփվեց «Փոքրիկ հայրենակից» 2024 թ․ ծրագիրը

Ավարտվեց «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի 2024 թ․ համար նախատեսված ծրագրերից ևս մեկը՝ «Փոքրիկ հայրենակից»-ը։ Ամառային դպրոցին հունիսի 17-23-ը մասնակցեցին սահմանամերձ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի թվով 6 քաղաքային և գյուղական (Դավիթ Բեկ, Լեռնաձոր, Վարդավան) համայնքների դպրոցների 4-8-րդ դասարաններում սովորող 27 երեխաներ։
Ծրագրին մասնակցելու հնարավորություն էր տրված 2016-2023 թթ․ ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների, հաշմանդամ դարձած զինվորականների զավակներին կամ նրանց հարազատ քույրերին ու եղբայրներին, սոցիալապես անապահովի (նպաստառուի) կարգավիճակ ունեցող ընտանիքների զավակներին, 2023 թ․ սեպտեմբերի վերջին պատերազմի արդյունքում Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներին։
Ծրագրի իրականացման ընթացքում հիմնադրամը համագործակցել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության և Կապանի համայնքապետարանի հետ։

Ամառային դպրոցի ընթացքում երեխաները ուսուցանեցին պար, երգ, թատրոն և կերպարվեստ։ Կապանի մարզադպրոցում մարզիչների հսկողությամբ սպորտային խաղերի մասնակից դարձան։
Հիմնադրամն ինչպես միշտ կարևորում է նաև մարզային մասնագետների արժևորումը։ այս անգամ ևս ծրագրի իրականացմանը մասնակից դարձացծ մասնագետները վարձատրվեցին հիմնադրամի կողմից։
Ծրագրի ամփոփիչ ցերեկույթի ժամանակ մասնակիցները հանդես եկան երգի, պարի և թատերական ներկայացումներ ընդգրկող համարներով։ Ցուցադրեցին իրենց նկարած գունագեղ նկարները։

Օրվա երկրորդ կեսին բոլոր երեխաները, ուսուցիչները մասնակից դարձան հատուկ կազմակերպված ժամանցային միջոցառմանը։

Այս ճանապարհին անգնահատելի էր ուսուցիչների ջանքերը, ովքեր իրենց սիրով, համբերությամբ կրթեցին և ոգեշնչեցին մասնակիցներին։ Ծրագրի խմբավարներ էին դարձել տեղացի մի խումբ պատանիներ, ովքեր որպես կամավորներ յուրաքանչյուր օր անմնացորդ աշխատում էին երեխաների ուսումն ու հանգիստը առավելագույնս կազմակերպված կատարելու ուղղությամբ։

Հիմնադրամի շնորհիվ ամառային դպրոցը մասնակիցներին տվեց ոչ միայն  գիտելիքներ, նոր հմտություններ, այլև պարգևեց նոր ընկերություն, ժպիտների և անմոռանալի հիշողությունների պահեր։

Երեխաների օրերը լցված էին արկածներով, ստեղծագործական աշխատանքներով, խաղերով ու սրտաբուխ զրույցներով։ Նրանք սովորեցին թիմային աշխատանք, ձեռք բերեցին ինքնավստահություն և բացահայտեցին իրենց ներուժը։