Հիմնադրամի աջակցությամբ նորոգվեց և կահավորվեց Կապանի թիվ 13 դպրոցի գրադարանը
Հիմնադրամի աջակցությամբ նորոգվեց և կահավորվեց Կապանի թիվ 13 դպրոցի գրադարանը
Սյունիքի մարզը մշտապես եղել է «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի ուշադրության կենտրոնում։ Վերջին դիտարկումների ընթացքում պարզվել էր, որ սահմանամերձ Կապան քաղաքի թիվ 13 հիմնական դպրոցն ունի հատուկ ռուսախոս աշակերտների համար նախատեսված առաջինից մինչև իններորդ դասարաններ։ Այս դասարաններում սովորում են հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից հայրենադարձված մեր հայրենակիցների, ինչպես նաև՝ այլազգի ռուսախոս զավակները։ Դպրոցն իր հարուստ ավանդույթներով և կրթական բարձր մակարդակով ժամանակի ընթացքում կարողացել է վստահելի կրթօջախ դառնալ ռուսախոս հայրենադարձների համար։ Հիմնադրամի համար կարևոր խնդիր է լինել նաև նման կառույցների կողքին։ Ուստի, որոշվեց աջակցել դպրոցին։ Ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ դպրոցի կրթական գործընթացում կարևոր դեր խաղացող Ա․ Պուշկինի անվան գրադարանն անմխիթար վիճակում է գտնվում։ Գրադարանի վերանորոգման և ամբողջական կահավորման հարցի լուծումը մտավ ընթացքի մեջ։ Արդյունքում՝ գրադարանն ամբողջությամբ վերանորոգվեց և կահավորվեց (17 գրապահարան, 4 սեղան, 1 կողադիրով սեղան, 19 փափուկ աթոռ): Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ հիմնադրամի «ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 13 հիմնական դպրոցի «Ա․ Պուշկինի անվան գրադարան»-ի վերանորոգում և կահավորում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Միջոցառմանը դպրոցի աշակերտները պատրաստել էին մշակութային համարներ։ Հայերենով և ռուսերենով հնչեցին մեր սիրելի աշակերտների բարեմաղթանքները, քանոնի անզուգական կատարմամբ նրանք երգեցին և պարեցին։
Ջերմ մթնոլորտի մեջ անցնող միջոցառման վերջում իր խոսքով հանդես եկավ հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը։ Ողջունելով ներկաներին՝ Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ նորովի հանդես եկող գրադարան-ընթերցասրահն աշակերտների համար սիրելի և պահանջված վայր կդառնա։ Հովհաննիսյանը ներկաներին փոխանցեց նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ռուսահայ հասարակական-քաղաքական գործիչ, բարերար Հարություն Սուրմալյանի շնորհավորական խոսքը և նրա անունից փոխանցեց ևս մեկ նվեր։ Գրադարանը համալրվեց ավելի քան ութ տասնյակ գեղարվեստական, պատմական թեմատիկ նոր գրքերով։ Խոսք առավ դպրոցի տնօրեն Ժաննա Վարդանյանը։ Նա բարձր գնահատեց հիմնադրամի աշխատանքը և կարևորեց նրա թիրախային աջակցությունը։ Վարդանյանը նկատեց, որ հիմնադրամը Սփյուռքն ու հայրենիքը կապող յուրօրինակ օղակ է դարձել։ Այդ կապող օղակի հիմքում Վարդանյանը ընդգծեց Հարություն Սուրմալյանի դերը՝ կարևորելով վերջինիս կատարած ազգօգուտ աշխատանքը։ Միջոցառման ավարտին ներկաները ծանոթացան նորոգված գրադարան-ընթերցասրահին։ Աշակերտները մեծ հետաքրքրությամբ սկսեցին ծանոթանալ նվիրաբերված գրականությանը։
Համոզված ենք, որ յուրաքանչյուրս կարող ենք հասցեական աջակցությամբ լրացնել մեր հայրենիքի սահմանամերձ շրջաններում կուտակված նմանօրինակ բացերը և խթան հանդիսանալ նոր հնարավորությունների ձևավորման հարցում։