«Գիրքը սահմանին» ծրագիր. 671 անուն նոր գրքեր ստացան Սիսիան քաղաքի և շրջակա գյուղերի դպրոցները
«Գիրքը սահմանին» ծրագիր. 671 անուն նոր գրքեր ստացան Սիսիան քաղաքի և շրջակա գյուղերի դպրոցները
«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը շարունակում է իր կրթական աջակցության ծրագրերը՝ նպատակ ունենալով խթանել սահմանամերձ համայնքների դպրոցականների ուսումնական գործընթացը։ 2024 թվականին հիմնադրամը «Գիրքը սահմանին» ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ 671 գիրք է նվիրաբերել Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի 13 դպրոցներին։
Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի դպրոցների գրադարանների համալրումն է՝ նոր, գունագեղ և հետաքրքիր գրականությամբ, ինչը թույլ կտա երեխաներին ստանալ որակյալ կրթական պաշարներ։
Գրքեր ստացած դպրոցները՝
Անգեղակոթ
Աշոտավան
Գորհայք
Դարբաս
Իշխանասար
Նորավան
Շաղատ
Շաքի
Սիսիանի թիվ 1
Սիսիանի թիվ 2
Սիսիանի թիվ 4
Սիսիանի թիվ 5
Վաղատին
Ծրագրի գործարկումից առաջ՝ հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանի հետ Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրինության հանդիպման ժամանակ դպրոցի ներկայացուցիչները խնդրել էին տրամադրել անհրաժեշտ գրականություն իրենց գրադարանին։ Ընդառաջելով այդ խնդրանքին հիմնադրամը դպրոցին նվիրաբերեց 83 անուն գիրք հիմնադրամի պահուստային ֆոնդից։ Մյուս 12 դպրոցները ստացել են 49-ական անուն նոր գիրք՝ 2024 թ․ ծրագրի շրջանակում ձեռք բերված գրականությունից։
Գրքերի տրամադրման ժամանակ հիմնադրամի կողքին էին Հայաստան ժամանած Դոնի հայկական երիտասարդական միության անդամները, ովքեր իբրև կամավորներ անշահախնդիր կերպով իրենց մասնակցությունը ցուցաբերեցին։ Հիմնադրամը ծրագրի իրականացման ընթացքում համագործակցել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության հետ՝ ապահովելով գրքերի ճիշտ բաշխումն ու նպատակային օգտագործումը։
«Գիրքը սահմանին» ծրագիրը գործում է 2021 թվականից և շարունակելու է իր գործունեությունը՝ կրթության զարգացմանն ու մատաղ սերնդի դաստիարակությանը նպաստելու համար։