Ամանորյա նվեր 2024 թ․ ծրագիրն ամփոփվեց
2024թ․ դեկտեմբերի 13-ին ամփոփվեց «Ամանորյա նվեր զինվորի զավակին» ծրագիրը։ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի կողմից արդեն չորրորդ անգամն է իրականացվում այս սոցիալական ծրագիրը։ Ծրագրին մասնակցեցին 2016-2023 հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածների, անհայտ կորածների, 2023թ․ սեպտեմբերի վերջին Արցախից բռնի տեղահանված ընտանիքների 4-ից 7 տարեկան երեխաները։
Ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած 167 երեխաները և նրանց ուղեկցող մեծահասակները հիմնադրամի հովանու ներքո հյուրընկալվել էին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն՝ դիտելու ամանորյա հեքիաթային ներկայացումը։
Ներկայացումից հետո մեր մասնակիցներին սպասում էր հյուրասիրություն։ Միջոցառման գլխավոր մասը Ձմեռ պապի և նրա օգնականների հետ հանդիպումը և «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի կողմից պատրաստված ամանորյա նվերների հանձնումն էր։
Ամանորյա ծրագրի իրականացմանը նախորդել էր երկար նախապատրաստական աշխատանք, որի ընթացքում հիմնադրամի կողքին կրկին կանգնեցին մեր կամավորները։ Շնորհակալություն ենք հայտնում մեր կամավորներին, քանզի նրանց աջակցությունն անփոխարինելի է հիմնադրամի ձեռնարկների իրականացման գործում։
Սիրելի՛ բալիկներ, սրտանց շնորհավորում ենք Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Ցանկանում ենք ձեզ խաղաղ տարիներ՝ լի մեծամեծ հաջողություններով։ Եղե՛ք առողջ և երջանիկ։ Ձեր՝ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամ։