«Մենք և մեր մարտահրավերները․ Սփյուռք» երիտասարդական ֆորումը դարձավ երիտասարդ հայորդիների քննարկումների բաց հարթակ
2024 թվականի օգոստոսի 13-ին «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մենք» առաջնորդության ակումբի շրջանակներում կազմակերպված «Մենք և մեր մարտահրավերները․ Սփյուռք» երիտասարդական ֆորումը։ Միջոցառումը համախմբեց երիտասարդների Հայաստանից և Սփյուռքից՝ քննարկելու հայրենիքի և Սփյուռքի ներկայիս հարաբերությունները, ինչպես նաև միասին վերլուծելու առկա մարտահրավերներն ու հնարավորությունները։
Ֆորումի բացման խոսքով հանդես եկավ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը, ով կարևորեց նման միջոցառումների դերը հայրենիքի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման գործում։
Ֆորումի շրջանակներում զեկուցումներով հանդես եկան երիտասարդ փորձագետները՝ ներկայացնելով իրենց կողմից վեր հանված հիմնախնդիրները․
Նարե Մադոյանը (Դոնի հայկական երիտասարդական միություն, Դոնի Ռոստով) դիտարկեց «Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքի գործունեությունը» թեման, Աշոտ Գուգուլյանը (Դոնի հայկական երիտասարդական միություն, Դոնի Ռոստով)՝ «Դոնի հայկական երիտասարդական միության գործունեությունը» թեման, Արմինե Վերմիշյանը (Դոնի հայկական երիտասարդական միություն, Դոնի Ռոստով)՝ «Սփյուռքի և Հայաստանի համագործակցությունը․ արդի մարտահրավերներ» թեման, Սամվել Մխիթարյանը (Երևանի պետական համալսարան, Երևան)՝ «Սփյուռքի մարզիկները Հայաստանում» թեման, իսկ Սաթենիկ Ավետիսյանն (Երևանի պետական համալսարան, Երևան) էլ՝ «Սփյուռքահայ մամուլն այսօր» թեման։
Ֆորումի հատուկ հյուրերն էին Դոնի հայկական երիտասարդական միության Հայաստան այցելած անդամները, ովքեր հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանի երիտասարդական միջավայրին, ինչպես նաև երկխոսություն վարելու իրենց հայաստանցի գործընկերների հետ։
Ֆորումի ընթացքում մասնակիցները միասին քննարկեցին տարբեր խնդիրներ, որոնց բախվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի երիտասարդները։ Միջոցառման հիմնական արդյունքն այն էր, որ հայրենի և Սփյուռքի հայ երիտասարդները բաց քննարկումների միջոցով համատեղ լուծումներ էի առաջադրում մարտահրավերներին դիմակայելու համար։ Այդ լուծումների գլխավոր թեզը միասնական և փոխադարձ վստահության մթնոլորտում գործակցելն էր։
«Մենք» առաջնորդության ակումբի այս նախաձեռնությունը հերթական քայլն էր՝ համախմբելու երիտասարդներին հայրենիքի ու Սփյուռքի միջև կապերի ամրապնդման և զարգացման ճանապարհին։