Նորություններ

27 փոքրիկ հայրենակիցներ Կապանում ամառային դպրոցի մասնակից դարձան

27 փոքրիկ հայրենակիցներ Կապանում ամառային դպրոցի մասնակից դարձան

Ավարտվեց «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի 2023 թ․ համար նախատեսված ծրագրերից ևս մեկը՝ «Փոքրիկ հայրենակից»-ը։ Մեր հայրենիքի սահմանամերձ մարզերում բնակվող բազմաթիվ երեխաներ կան, ովքեր առավելագույնս կարիք ունեն հանրային աջակցության և ուշադրության։ Նրանց առօրյան ամառային արձակուրդների օրերին դրական լիցքերով հավելելու, հայ և համաշխարհային արվեստին մոտեցնելու, հայրենասիրություն սերմանելու նպատակով օգոստոսի 1-8-ը սահմանամերձ Սյու­նիքի մարզի Կապանի տարածաշրջանի թվով 9 քաղաքային և գյուղական (Դավիթ Բեկ, Ծավ, Սյունիք, Վարդավանք, Ագարակ) համայնքների դպրոցների 3-9-րդ դասարաններում սովորող 27 երե­խաների համար կազմակերպվեց «Փոքրիկ հայրենակից» ծրագիրը։ Մասնակիցները ռազմական գործողութ­յուն­ների ժամանակ զոհված, հաշմանդամ դարձած զինվորականների, սոցիալապես անապահով, երեք և ավելի երեխաներ ունեցող, միակող­մանի ծնողազուրկ, ծնողներից մեկի խնամքի տակ գտնվող, 2020 թ․ պատե­րազ­մի արդյունքում տեղահանված ընտանիքների զավակներ էին։

Ինչպես և անցյալ տարի, ծրագրի նախապատրաստական փուլում հիշյալ կարգավիճակներ ունեցող աշակերտների ցանկը հստակեցնելու հարցում ակտիվորեն ներգրավվեց նաև Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը Մերի Գանդալյանի գլխավորությամբ։ Կապանի համայնքապետարանն այս անգամ էլ աջակցեց իր ենթակայության տակ գտնվող Կապանի արվեստի մանկական դպրոցի տարածքը ծրագրի անցկացման համար անհատույց տրամադրելու հարցում։  

Դասերը չորս ուղղությամբ էին ընթանում՝ պար, երգ, թատրոն և կերպարվեստ։ Յուրաքանչյուր աշակերտ հիմնադրամի կողմից ստացավ կերպարվեստի դասի համար անհրաժեշտ պարագաներով լի թղթապանակ։ Հիմնադրամն այս ծրագրի միջոցով նպատակ ուներ նաև նպաստելու մարզային դաշտում արվեստի ոլորտի մասնագետների սոցիալական վիճակի բարելավմանը։ Այդ նպատակով ծրագրի հինգ դասվարները, խմբավարը և տնտեսական հարցերով պատասխանատուն իրենց նվիրական աշխատանքի համար հիմնադրամի կողմից վարձատրվեցին։ Ծրագրի ամփոփիչ ցերեկույթի ժամանակ մասնակիցները հանդես եկան երգի, պարի և թատերական ներկայացումներ ընդգրկող համարներով։ Ներկաների դատին ներկայացվեցին կերպարվեստի դասերի ժամանակ աշակերտների նկարած գունագեղ նկարները։ Օրվա երկրորդ կեսին բոլոր երեխաները, նրանց ծնողներն ու դասվարները մասնակից դարձան նրանց համար հատուկ կազմակերպված ժամանցային միջոցառմանը։

Այս անգամ ևս ծրագրի տարբեր փուլերում ներգրավվեցին նաև հիմնադրամի կամավորները։

Փոքրիկ հայրենակից ծրագիրն իր շարունակությունը պետք է գտնի նաև Գյումրի քաղաքում։ Մենք կարևորում ենք սոցիալական ու անվտանգային ոչ բավարար պայմաններում ապրող մեր մարզերի երեխաներին ամառային արձակուրդների ժամանակ օգնել կտրվելու առօրյա հոգսերից, հնարավորություն ունենալու մոտիկից առնչվելու հայ և համաշխարհային արվեստի գործերին, իրենց ուժերը փորձելու նշված ուղղությունների մեջ, ինչու չէ նաև հետագայում այդ ուղղություններից մեկի մասով ավելի մասնագիտորեն շարունակելու։