Նորություններ

Ամփոփվեցին «Երիտասարդ լրագրողների դպրոց»-ի արդյունքները

Ամփոփվեցին «Երիտասարդ լրագրողների դպրոց»-ի արդյունքները
Իր տրամաբանական ավարտին հասավ «Երիտասարդ լրագրողների դպրոց» կրթագործնական սեմինարը։ Ինը մասնակիցները, ովքեր ներկայացնում էին Երևանի պետական և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանները, մեկ շաբաթյա տեսական դասերի և շուրջ մեկ շաբաթ տևած հեռավար գործնական աշխատանքի արդյունքում հեղինակեցին ավելի քան 28 լրագրողական հոդված։ Այդ ընթացքում նրանք հնարավորություն ունեցան զարգացնելու մասնագիտական գիտելիքները և համադրելու դրանք գործնական հմտությունների հետ։ Հուլիսի 8-ին Հիմնադրամի գրասենյակում էին հավաքվել սեմինարի շրջանավարտները, դասախոսները, մասնակցում էր նաև Մանկավարժական համալսարանի Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը։ Բացման խոսքով հանդես եկավ ծրագրի համակարգող Նինա Սեդրակյանը։ Վերջինս կարևորելով մասնակիցների հետ համատեղ աշխատանքը՝ հույս հայտնեց, որ ծրագիրը նպաստեց նրանց մասնագիտական աճին։ Խոսք առավ Հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը։ Նա ողջունեց ներկաներին և նշեց, որ «Երիտասարդ լրագրողների դպրոց»-ը՝ իբրև առաջին ծրագիր, հաջող սկիզբ դարձավ Հիմնադրամի գործունեության համար։ Հովհաննիսյանը կարևորեց դասախոսներ Արմեն Վարդանյանի և Միլենա Մկրտչյանի կատարած աշխատանքը։ Նա կոչ արեց կուտակած գիտելիքները հետայսու ևս զարգացնել ու կիրառել գործնական դաշտում։ Այս իմաստով Հովհաննիսյանն առաջարկեց հրապարակվել ծրագրի շրջանակում ստեղծված www.ditarkum.info լրատվական-գիտավերլուծական կայքում։ Ի դեպ, մասնակիցների երաշխավորված հոդվածներն արդեն իսկ լույս են տեսնելու այս կայքում։ Մասնակիցներին շնորհավորեցին նաև իրենց դասախոսները՝ մաղթելով մասնագիտական նոր նվաճումներ։ Իր խոսքում Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը նախ մեծ շնորհակալություն հայտնեց Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին և ի մասնավորի խորհրդի նախագահ Հարություն Սուրմալյանին՝ Հիմնադրամի նման օգտաշատ նախաձեռնությանն աջակցելու համար։ Գալստյանը հույս հայտնեց, որ մասնակիցները հետայսու ակտիվորեն կներգրավվեն www.ditarkum.info աշխատանքներին և հանդես կգան նոր նախաձեռնություններով։ Սեմինարի բոլոր ինը մասնակիցներին՝ Անահիտ Ղազարյանին, Լիանա Խաչատուրյանին, Լիլիթ Հովհաննիսյանին, Լուսինե Մանվելյանին, Հասմիկ Ավետիսյանին, Նարե Ասատրյանին, Շողեր Սահակյանին, Քրիստինե Թորոսյանին և Էմիլյա Հոսյանին շնորհվեցին «Մասնակցության վկայական»-ներ։ Դասախոսական կազմի գնահատման արդյունքում՝ առավել բարձր նիշեր ստացած հինգ մասնակիցներին՝ Լիանա Խաչատուրյանին, Լուսինե Մանվելյանին, Հասմիկ Ավետիսյանին, Շողեր Սահակյանին, Քրիստինե Թորոսյանին տրվեց «Կրթաթոշակի հավաստագիր»։ Վերջիններիս բանկային հաշիվներին փոխանցվեց 100000-ական ՀՀ դրամի չափով մեկանգամյա կրթաթոշակ։
Մենք կարևորում ենք կրթության ոլորտում թիրախային աջակցության ծրագրերը, որոնք միևնույն ժամանակ նոր գիտելիքներ և հմտություններ են զարգացնում։ Ուստի, հետայսու ևս փորձելու ենք մեր ուշադրության կենտրոնում պահել նմանօրինակ ուղղությունները։