Նոյեմբերի 3-ից 6-ը հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանն աշխատանքային այց էր կատարել Սյունիքի մարզ։ Այցի ընթացքում նա ոչ միայն մասնակցություն ունեցավ «Միասին Սյունիքի համար» միջազգային աշխատաժողովին , այլ նաև իրականացրեց մի շարք աշխատանքային ստուգայցեր։ Այդ ստուգայցերը նպատակ ունեին պարզելու մարզում հիմնադրամի իրականացրած որոշ ծրագրերի ընթացիկ վիճակը։ Ստուգայցերից մեկի ընթացքում այց եղավ Կապանի թիվ 13 միջնակարգ դպրոցի գրադարան-ընթերցասրահ, որն անցյալ տարի վերանորոգվել և կահավորվել էր հիմնադրամի կողմից։
«Հանուն գյուղացու աշխատանքի» ծրագրի շրջանակում նվիրաբերված խոճկորների բուծման ընթացիկ վիճակին ծանոթանալու համար Մհեր Հովհաննիսյանն այցելեց պատահականության սկզբունքով ընտրված մի քանի ընտանիքների Կապանի տարածաշրջանի Դավիթ Բեկ գյուղում։
«Գիրք սահմանին» ծրագրի շրջանակում Հովհաննիսյանն այցելեց Գորիսի տարածաշրջանի Խոտ գյուղի դպրոցի գրադարան, որն այս տարի հիմնադրամի կողմից ստացել էր ութ տասնյակից ավելի նոր գրքեր։ Մհեր Հովհաննիսյանի հետ Սյունիքում էր գտնվում մեր հիմնադրամի հյուրը՝ «Դոնի հայ երիտասարդական միության» ղեկավար Գևորգ Գրիգորյանը։
Ստուգայցերի ընթացքում ոչ միայն արձանագրվում էր նվիրաբերության առկա վիճակն, այլ նաև տեղում քննարկվում էին ընթացիկ այլ խնդիրներ, որոնց լուծումը ևս կարևոր նշանակություն ունի մեր իրականացրած ծրագրերի հաջող ընթացքի համար։ Մենք կարևորում ենք մեր ծրագրերի մասնակիցների հետ ուղիղ կապը և պարբերաբար փորձելու ենք տեղերում ծանոթանալ ներկա վիճակներին, արձանագրել առկա հարցերը։ Ուրախ ենք նշել, որ ստուգայցերի ընթացքում մենք հիմնականում դրական արդյունքներ ենք արձանագրել։ Լիահույս ենք, որ հետայսու ևս նման արդյունքներ կունենան մեր նախատեսվող ստուգայցերը։