Նորություններ

Բրիտանացի այրվածքաբան Ս․ Ջեֆֆրին հիմնադրամի հրավերով սեմինարներ անցկացրեց ՀՀ մասնագիտական շրջանակների համար

2024 թ․ հուլիսի 1-6-ը ընկած ժամանակահատվածում «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը կազմակերպեց «Սահմանապահ» ծրագիրը։ Այն նպատակ ուներ նեղ մասնագիտական բաց սեմինարներ կազմակերպելու Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և Կապանի բժշկական կենտրոնում։ Թեման արդիական էր․ այրվածքների բուժման հարցը, ինչը Արցախյան վերջին շրջանի ռազմական գործողությունների ժամանակ առողջապահական կարևոր խնդիրներից էր։ Նամանավանդ՝ առաջին բուժօգնությունը միջին և մեծ այրվածքների դեպքում հաճախ վճռորոշ է պացիենտի կյանքը փրկելու հարցում։ Ուսումնասիրելով հարցը՝ հիմնադրամը հրավիրեց մինչ այս Հայաստան նման հարցերով արդեն այցելած բրիտանացի անվանի մասնագետ պրոֆեսոր Սթիվեն Ջեֆֆրիին։ Վերջինս հանդիսանում է Բիրմինգհեմի քաղաքային համալսարանի այրվածքների խորհրդատու և պլաստիկ վիրաբույժ, վերքերի ուսումնասիրությունների մասով պրոֆեսոր։ Մեր նպատակն էր դոկտոր Ջեֆֆրիի համար մասնագիտական լսարաններ ապահովել թե՛ մայրաքաղաքում, թե՛ սահմանամերձ որևէ բնակավայրի բուժհաստատությունում։ Այս իմաստով Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Կապանի բժշկական կենտրոնը ավելի քան համապատասխանում էին սահմանված նպատակին։ Սեմինարներն անցան բավականին արդյունավետ և մասնագիտական ակտիվ քննարկումներով։ Դոկտոր Ջեֆֆրին ներկայացրեց «արևմտյան բժշկական դպրոցի»՝ հատկապես ռազմական գործողությունների ժամանակ ստացած այրվածքների բուժման արդի մոտեցումները և  հատկապես դրանց բացասական զարգացումների կանխմանը միտված առաջին անհրաժեշտ քայլերը։

Կազմակերպչական հարցերում հիմնադրամի հետ իրենց արդյունավետ գործակցությունը ցուցաբերեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Սյունիքի մարզպետարանը, Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Կապանի բժշկական կենտրոնը։

Դոկտոր Ջեֆֆրիի հետ մեր գործակցության հարցը, կարծում ենք, շարունակական բնույթ կունենա, իսկ այս մասով անվանի բժիշկներին մեր ծրագրերում ներառելու հարցը կդառնա անհրաժեշտ քայլ մեր հայրենակիցներին ևս մեկ ուղղությամբ աջակցելու հարցում։