Սյունիքում Արցախից տեղահանված ևս երկու ընտանիք ստացել է գյուղատնտեսական աջակցություն
Սահմանամերձ Սյունիքի մարզի Կապանի շրջանի Սյունիք և Ըրկենանց համայնքերում բնակություն հաստատած երկու ընտանիք, որոնք 2023 թ․ տեղահանվել են Արցախից, ստացել են գյուղատնտեսական աջակցություն «Հանուն գյուղացու աշխատանքի» ծրագրի շրջանակում:
«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի նախաձեռնությամբ նրանց տրամադրվել է 2-ական խոճկոր և 233-ական կգ անասնակեր՝ նպաստելով նրանց գյուղատնտեսական գործունեության վերականգնմանը և ինքնուրույն ապրուստի կազմակերպմանը։ Հատկանշական է, որ ծրագիրը շղթայական շարունակություն է։ Նախորդ տարիներին դեռևս Սյունիքի մարզում խոճկորների տրամադրման արդեն երկու նման գործընթաց էր ընթացել, որոնք փոխլրացնող էին։
Այս անգամ ևս նախորդ շահառուներից ստացված խոճկորների խմբաքանակը բաշխվեց նոր ընտանքիների, որով «Հանուն գյուղացու աշխատանքի» ծրագրով խոճկորների տրամադրման գործընթացը հասավ իր տրամաբանական ավարտին։
Ծրագրի նպատակն էր աջակցել սահմանամերձ մարզի գյուղական համայնքներում բնակվող Արցախից տեղահանված ընտանիքներին՝ ապահովելով կայուն եկամտի աղբյուրներ։
Հիմնադրամը շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդիրները՝ ջանալով նպաստել նրանց ինտեգրմանը և նոր պայմաններում կայուն կյանքի ձևավորմանը։