Արցախից տեղահանված 2024 ընտանիք սննդի և հիգիենայի փաթեթներ ու 928 ընտանիք էլեկտրական տաքացուցիչներ ստացան 2024 թ․
«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը 2024 թ․ ևս իրականացրեց «Արցախ» ծրագիրը։ Մեր կողքին կրկին կանգնեց Դոնի Նոր Նախիջևան հայկական համայնքը։ Հիմնադրամի խորհրդի նախագահ Հարություն Սուրմալյանի անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ հնարավոր եղավ համայնքի շուրջ համախմբված հայորդիների տրամադրած հանգանակությունն ուղղել ծրագրի իրականացմանը։
Զուգահեռ հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանն իր գործընկերների հետ իրականացրեց կարիքների գնահատման և տեղերում ծրագրով նախատեսվող աջակցության տրամադրման համար անհրաժեշտ աշխատանքներ։
Այս անգամ, նախապես հրապարակված հայտարարության շնորհիվ, ուսումնասիրվեց Հիմնադրամի էլ․ հարցարանը լրացրած 2024 ընտանիքի հայտ, ովքեր տեղահանվել էին Արցախից 2023 թ․ սեպտեմբերին։
Հայտի օգնության ցանկը ներառում էր 2 տեսակ փաթեթ։ Առաջինի մեջ էին մտնում սննդի և հիգիենայի փաթեթը՝ մոտ 24․7 կգ նպարեղեն (մակարոն, բրինձ, հնդկաձավար, հաճար, ոսպ, ձավար), ալյուր և շաքարավազ, ինչպես նաև 2 լ․ արևածաղկի ձեթ, 2 լ․ շամպուն, 1 լ․ սպասք լվալու հեղուկ, 2 լ․ հագուստ լվալու հեղուկ։ Երկրորդ փաթեթի մեջ էր մտնում առաջին փաթեթում նշված պարագաները և էլ․ տաքացուցիչ։
Մեր հայրենակիցները գիտակցորեն մոտեցան գրանցման գործընթացին, որի արդյունքում հիմնականում հնարավոր եղավ վեր հանել այն ընտանքիներին, ովքեր իրապես տաքացուցիչների կարիք ունեին։
Արդյունքում, գրանցված 2024 ընտանիք ստացավ նշված սննդի և հիգիենայի փաթեթը, իսկ նրանցից 928 ընտանիք էլ, համաձայն նախապես հայտում ընտրած փաթեթի, ստացավ նաև մեկական էլեկտրական տաքացուցիչ։
Կարող ենք արձանագրել, որ այս անգամ օգնության փաթեթները ստացան հանրապետության բոլոր մարզերում ու Երևանում բնակություն հաստատած Արցախի մեր հայրենակիցները։