Ամանորյա նվեր 2024
Ամանորյա նվեր 2024 (համառոտ նկարագրություն)
2016-2023 թ․ ընթացքում հայրենիքի պաշտպանության համար բազմաթիվ հայորդիներ իրենց կյանքը զոհաբերեցին, շատերը մինչև այսօր անհայտ կորած են համարվում։
2023 թ․ սեպտեմբերի վերջին Արցախից պարտադրված տեղահանությունը ևս հազարավոր հայորդիների կանգնեցրեց նոր մարտահրավերների առջև։ Առավել խոցելի են մեր երեխաները։
Այսօր կարևոր է մեր տղաների զավակների, Արցախից տեղահանված երեխաների կողքին լինելը, նրանց մանկական երազների աշխարհը վառ պահելը։
Այս նպատակով «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համարում 2016-2023 թ․ ընթացքում զոհված կամ անհայտ կորած հայրենիքի պաշտպանների 4-ից մինչև 7-ը տարեկան երեխաների համար կազմակերպել ամենամյա «Ամանորյա նվեր» ծրագիրը։
Ամանորյա տոների շրջանակում մասնակից երեխայի համար նախատեսվում է տրամադրել ամանորյա նվերների հավաքածու։
Համաճարակային պայմանների թույլատրելի վիճակից ելնելով՝ երեխային/ներին և նրան ուղեկցող ծնողին կամ ազգականին կտրվի նաև մանկական թատերական ներկայացման անվճար տոմս։ Հիմնադրամն անվճար տոմս է տրամադրում ընտանիքի մեջ մտնող մեկից ավելի երեխաներին ուղեկցող միայն մեկ մեծահասակի։
Մասնակիցների թիվը սահմանափակ է։
Ովքե՞ր կարող են մասնակցել։
Ծրագրի մասնակիցների շրջանակը նախատեսում է ներառել 4-7 տարեկան երեխաներին։
Մասնակից երեխաները պետք է ունենա երկու կարգավիճակներից մեկը՝
1․ 2016-2023 հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածի կամ անհայտ կորածի զավակ։
2․ 2023 թ․ սեպտեմբերի վերջից Արցախից տեղահանված ընտանիքի զավակ։
Ինչպե՞ս կարող են մասնակցել։
Ծրագրին մասնակցելու իրավունք ստացած հայտատուն դեկտեմբերի երկրորդ կեսին պետք է ինքնուրույն ներկայանա Երևան՝ հիմնադրամի նշած հասցե, Ամանորյա միջոցառմանը մասնակցելու համար։ Մասնակից երեխայի կամ երեխաների հետ պետք է լինի մեկ ուղեկցող։
Ինչպե՞ս գրանցվել։
Ծրագրին արձանագրվելն ընթանում է երկու փուլով։
-
Առաջին փուլում պետք է մուտք գործել այս հայտարարության վերջում նշված «Արձանագրվեք այստեղ» կոճակի միջոցով ծրագրի հարցարան։ Այնուհետև անհրաժեշտ է լրացնել հարցարանը՝ պատասխանելով հարցերին՝ նշված օրինակներին համապատասխան։ Հիմնադրամը ուսումնասիրում է հայտերը։
-
Երկրորդ փուլում ներկայացված պահանջներին համապատասխանող հայտատուների հետ հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատվում։ Մասնակցելու իրավունք ստացած հայտատուների վերջնական արձանագրումը հաստատելու նպատակով ստուգվում են լրացված տվյալները՝ հայտատուից ստանալով անհրաժեշտ փաստաթղթերի սքան կամ հեռախոսով լուսանկարաված տարբերակները։
Եթե Ձեզ ընտրեն, ապա անհրաժեշտ է լինելու հետևյալ փաստաթղթերի ցանկը ներկայացնել։
1․ զոհված, անհայտ կորած զինվորականի երեխաների դեպքում պետք է ուղարկել՝
-
երեխայի զոհված կամ անհայտ կորած ծնողի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ,
-
երեխայի մայրիկի անձնագիր (նկարի և գրանցման էջերը),
-
երեխայի ծննդյան վկայականը։
2․ 2023 թ․ սեպտեմբերի վերջից Արցախից տեղահանված ընտանիքների երեխաների դեպքում պետք է ուղարկել՝
-
ուղեկցող ծնողի փախստականի քարտը,
-
երեխային ուղեկցող ծնողներից մեկի անձնագիր (նկարի և գրանցման էջերը),
-
երեխայի ծննդյան վկայականը։
Ծրագրին մասնակցելու հաստատումը ստանալուց հետո մասնակիցը կտեղեկացվի հանդիպման վայրի, օրվա և ժամի մասին հավելյալ։
Սահմանված օրը ծրագրին չմասնակցելու դեպքում նվերի փաթեթ չի տրամադրվում։
Ծրագրին գրանցվելու վերջնաժամկետն ավարտվում է այն ժամանակ, երբ արձանագրվողների թիվը հասնի շուրջ 200 հայտի։