«Առողջ հայրենակից» 2024 (համառոտ նկարագրություն)
«Առողջ հայրենակից» 2024 (համառոտ նկարագրություն)
Հասարակության ֆիզիկական առողջությունը մեծ տեղ է զբաղեցնում պետության ներկայի, առավել ևս` ապագայի կառուցման հարցում։ Ուստի, «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համարում կազմակերպել ամենամյա «Առողջ հայրենակից» ծրագիրը։ Խնդիր է դրվելու, հնարավորության սահմաններում, ամբողջական կամ մասնակի փոխհատուցել Հայաստանի Հանրապետության Ադրբեջանի հետ որոշ սահմանամերձ բնակավայրերում գրանցված և փաստացի բնակվող, 2023 թ․ սեպտեմբերի վերջին Արցախից տեղահանված, սոցիալապես անապահով, գործազուրկ, կենցաղային ոչ բարվոք պայմաններում բնակվող, պետպատվերի, սոց․ փաթեթների և ապահովագրության շրջանակում տրամադրվող անվճար բուժօգնությունից դուրս մնացած քաղաքացիների առողջական խնդիրների լուծման համար վիրաբուժական միջամտություն կամ հետվիրահատական վերականգնում կամ անհրաժեշտ օրգանի արհեստական փոխարինիչի ձեռքբերում պահանջող ծախսերը։
Ծրագիրն ունի սահմանափակ բյուջե, որի լրանալու դեպքում՝ ծրագրի տարեկան փուլը համարվելու է ավարտված։ Նույն անձը մեկ անգամից ավել չի կարող օգտվել ծրագրից։
Ովքե՞ր կարող են մասնակցել։
Ծրագիրը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի, Տավուշի մարզերի` Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերում գրանցված և փաստացի բնակվող, ինչպես նաև 2023 թ․ սեպտեմբերի վերջին Արցախից տեղահանված, սոցիալապես անապահով, գործազուրկ, կենցաղային ոչ բարվոք պայմաններում բնակվող, պետպատվերի, սոց․ փաթեթների և ապահովագրության շրջանակում տրամադրվող անվճար բուժօգնությունից դուրս մնացած քաղաքացիների առողջական խնդիրների լուծման համար վիրաբուժական միջամտություն կամ հետվիրահատական վերականգնում կամ անհրաժեշտ օրգանի արհեստական փոխարինիչի ձեռքբերում պահանջող ծախսերը հոգալու համար։
Ինչպե՞ս գրանցել հայտը։
Հայտատուն պետք է լրացնի էլեկտրոնային հարցարանը՝ մուտք գործելով այս ծրագրի վերջում գտնվող “Արձանագրվեք այստեղ” բաժինը։ Հայտը չի կարող դիտարկվել, եթե հիմնադրամի էլ․ հասցեին չեն ուղարկվել պահանջված փաստաթղթերը։
Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել։
Անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները պետք է ուղարկել հիմնադրամի պաշտոնական էլ․ հասցեին՝ [email protected]։ Անհրաժեշտության դեպքում հիմնադրամը կարող է պահանջել ներկայացնելու նշված փաստաթղթերի բնօրինակները։
Փաստաթղթերի ցանկ՝
- բժշկական եզրակացությունը կամ տեղեկանքը,
- բուժհաստատության կողմից քաղաքացուն ներկայացված վիրաբուժական միջամտության հաշվի կրկնօրինակը,
- քաղաքացու ներկայացրած աջակցության դիմումի բնօրինակը կամ պատճեն,
- անձը հաստատող փաստաթղթի սքան տարբերակը,
- փաստացի բնակության վայրը հաստատող տեղեկանքը՝ ներառյալ սոցիալական վիճակի և/կամ արտագաղթածի կարգավիճակը հաստատելու մասին գրությամբ։
- Հայտը հաստատելու դեպքում ըստ Հավելված 1 — Առողջ հայրենակից 2024։
Ինչպե՞ս են ընտրվելու մասնակիցները։
Հայտատուի հարցարանի լրացման և փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 30-ը։ Եթե հայտատուն չունի նախընտրած բուժհաստատություն և մասնագիտական խորհրդատվության կարիք ունի, ապա հիմնադրամի ներկայացուցիչը մասնագիտորեն պարզաբանումներ կատարելու և վիրաբուժական միջամտության հարցը հստակեցնելու նպատակով կապ է ստեղծում գործընկեր բուժհաստատության և հիմնադրամին դիմած քաղաքացու միջև։ Գործընկեր բժշկական հաստատությունը տվյալ քաղաքացիների համար իրականացնում է նախնական անվճար խորհրդակցություն։ Այդ գործընթացի արդյունքում, եթե պարզվի, որ ծրագրին դիմած քաղաքացին ենթակա է վիրաբուժական միջամտության, ապա հիմնադրամը սկսում է հարցի դիտարկման վերջին փուլը։ Իսկ եթե հայտատուն արդեն ունի նախընտրած բուժհաստատություն և անհրաժեշտ փաստաթղթերը, ապա հիմնադրամի կողմից հայտը և փաստաթղթերը ստուգելուց հետո սկսում է հարցի դիտարկման վերջին փուլը։ Նախ դիտարկվում է, թե որքան կարող է արժենալ տվյալ քաղաքացու վիրաբուժական միջամտությունը։ Ծրագրի շրջանակում հիմնադրամի կողմից փոխհատուցվող ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 250000 ՀՀ դրամը։ Նույն անձը մեկ անգամից ավել նույն տարվա ընթացքում չի կարող օգտվել ծրագրից։ Եթե վիրաբուժական միջամտության ծախսը ավելին է, քան հիմնադրամի նախատեսած մինչև 250000 ՀՀ դրամը և չեն սպառվել ծրագրի համար նախատեսված հիմնադրամի միջոցները, առկա են տվյալ քաղաքացու մասով պահանջված փաստաթղթերը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, այլ փաստաթղթեր, ապա քաղաքացին, տեղեկացվում է հիմնադրամի ներկայացուցչի կողմից, որ անհրաժեշտ գումարի պահանջվող մասը նա պետք է վճարի բուժհաստատությանը ոչ հիմնադրամի միջոցների հաշվին։ Եթե քաղաքացին հրաժարվում է վճարել գումարի պահանջվող մասը, ապա նրա մասով սկսված գործընթացն ինքնաբերաբար կասեցվում է։ Իսկ եթե քաղաքացին պատրաստակամություն է հայտնում վճարել բուժհաստատությանը գումարի պահանջվող մասը, ապա հիմնադրամին է ներկայացնում իր կատարած վճարումի փաստաթղթի բնօրինակը։ Այնուհետև, բուժհաստատության կողմից քաղաքացուն ներկայացրած վճարման հաշվին է փոխանցվում հիմնադրամի մասով պահանջվող գումարը։ Եթե պահանջվող օգնության համար անհրաժեշտ գումարը չի գերազանցում 250000 ՀՀ դրամը և ծրագրի համար հիմնադրամի նախատեսած միջոցները բավարարում են, ապա տեղի է ունենում վերոհիշյալ գործընթացն՝ առանց քաղաքացու կողմից պահանջվող գումարի մասով վճարման գործողության։ Հիմնադրամը կարող է մերժել քաղաքացուն, եթե պահանջվող փաստաթղթերում առկա է անճշտություն, բացակայում է առնվազն մեկ անհրաժեշտ փաստաթուղթ, առկա է բուժհաստատության բացասական եզրակացությունը, վիրաբուժական միջամտությունը գերազանցում է 250000 ՀՀ դրամը և քաղաքացին հրաժարվում է վճարել պահանջվող գումարի մասը, սպառվել են կամ չեն բավարարում ծրագրի համար հիմնադրամի նախատեսած միջոցները։ Հիմնադրամը կարող է մասնակի փոխհատուցել վիրաբուժական ծախսերը։ Յուրաքանչյուր որոշման դեպքում քաղաքացին տեղեկացվում է հեռախոսազանգի կամ էլ․ նամակի միջոցով։