Նորություններ

Հիմնադրամը «Միասին Սյունիքի համար» միջազգային աշխատաժողովին

Հիմնադրամը «Միասին Սյունիքի համար» միջազգային աշխատաժողովին

Նոյեմբերի 3-ից աշխատանքային այցով Սյունիքի մարզ էր մեկնել հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը։ Մեր հիմնադրամի մշտական ուշադրության տակ գտնվող Սյունիքի մարզն այս անգամ միջազգային կարևոր աշխատաժողովի հրավիրման կենտրոն էր դարձել։ Նոյեմբերի 4-ին Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ իր աշխատանքները սկսեց «Միասին Սյունիքի համար» միջազգային աշխատաժողովը։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի պնդմամբ աշխատաժողովն իր հովանու ներքո էր հավաքել բոլոր այն միջազգային կազմակերպություններին, որոնք մարզում իրականացնում են տարաբնույթ բարեգործական ծրագրեր և աջակցության առաքելություններ։ 

Մասնակիցների թվում էին ՄԱԿ-ի, ԵՄ, Կարմիր խաչի, Բնության համաշխարհային հիմնադրամի կառույցները ներկայացնող պատվիրակներ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Գերմանիայի տարբեր կազմակերպությունների հայաստանյան մասնաճյուղերի, Հայաստանում Ֆրանսիայի և Շվեյցարիայի դեսպանատների ներկայացուցիչներ։ Աշխատաժողովի ներկայանալի համակազմի թվում էին մարզային, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ։

Պաշտոնական բացումն ազդարարող ելույթներից հետո իրենց ծրագրերի ամփոփ ելույթներով հանդես եկան մի շարք միջազգային կազմակերպությունների պատվիրակներ։ Կարևոր է շեշտել, որ վեց ժամի ավելի տևած աշխատաժողովի ընթացքում կազմակերպիչները կարողացան մասնակիցների միջև քննարկումների օգտաշատ հնարավորություններ ստեղծել։ Իբրև առաջին՝ փոխճանաչման աշխատաժողով այն սկիզբ դրեց մարզի խնդիրներով մտահոգ կողմերի միջև հետաքրքիր դիսկուրսի։ Մենք լիահույս ենք, որ ոչ միայն աշխատաժողովը շարունակական բնույթ կկրի, այլ նաև ընթացք կստանան աշխատաժողովի ժամանակ բարձրաձայնված փոխգործակցության բազմաթիվ հարցեր։ Մեր մասնակցությամբ ևս մեկ անգամ հաստատում ենք, որ մեր ուժերի չափով կանգնած ենք մեր հայրենիքի սահմանի և նրա բնակիչների կողքին՝ պատրաստ միասին հաղթահարելու առկա մարտահրավերները։