ԳիտությունԿրթությունՆորություններՍփյուռք

Մեր երիտասարդները խոսում են իրենց և հայրենի ընդհանուր մարտահրավերների շուրջ

Մեր երիտասարդները խոսում են իրենց և հայրենի ընդհանուր մարտահրավերների շուրջ

«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի «Մենք» երիտասարդական ակումբը նախաձեռնեց իր անդրանիկ միջոցառումը՝ «Մենք և մեր մարտահրավերները» երիտասարդական ֆորումը։ Այն տեղի ունեցավ հոկտեմբերի 29֊ին։ Նպատակը մեկն էր․ հայրենի երիտասադությանը հնարավորություն տալ քննարկելու իրենց և հայրենիքի շուրջ վեր խոյացած ընդհանուր մարտահրավերները։ Այս նպատալին հասնելու համար ազատ գրանցման հարթակում արձանագրված երկու տասնյակից ավելի մասնակիցների թվում էին օրվա հիմնական զեկուցաբերները։ Նրանց ներկայացրած հարցերը տարբեր էին։

Ռազմական վերլուծաբան Ռոբերտ Նազարյանը հանդես եկավ «Նոր ռազմաքաղաքական իրադրությունը Հայաստանի շուրջ» խորագիրը կրող զեկույցով։ Նազարյանը համապարփակ ներկայացրեց Հայաստանի շուրջ 2016 թ․-ից մինչև 2022 թ․ տեղ գտած ռազմաքաղաքական իրավիճակը։ Հաշվի առնելով թեմայի խիստ արդիական լինելու հանգամանը՝ բանախոսը «ստիպված» էր զեկուցման ժամանակից ավելին տրամադրել ներկայացվող հարցերին պատասխանելու համար։

Երիտասարդ քաղաքագետ Միլենա Մկրտչյանի դիտանկյան տակ էր «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները. անցած ուղի, առանձնահատկություններ, զարգացման հեռանկարներ» թեման։ Մկրտչյանը ընդհանուր պատմական ակնարկ կատարելով հայ-ռուսական հարաբերությունների պատմությունից՝ վերլուծության տակ առավ դրանց ներկա վիճակին առնչվող առանձին  հարցեր։ Բանախոսի թեման առավել քան այսօր շատ հարցեր է առաջացնում, որը փաստվեց նաև փորումի ընթացքում։ Ներկաները թեմայի շրջանակում բազմակողմանի հարցեր ուղղեցին Մկրտչյանին, որի արդյունքում հետաքրքիր բանավեճ ծավալվեց երիտասարդների միջև։

Ֆորումին զեկույցով հանդես եկավ նաև «Դոնի Հայ Երիտասարդական Միություն» կազմակերպության ղեկավար Գևորգ Գրիգորյանը։ Բանախոսը «Սփյուռքի հիմնախնդիրները երիտասարդական կազմակերպության աշխատանքի օրինակով» զեկույցի շրջանակում քննության առավ հայրենիք-սփյուռք հարաբերությունների առանձին բարդ հարցեր։ Հատկանշական է, որ բանախոսը պարբերաբար փորձում էր իր ներկայացրած կազմակերպության իրականացրած ծրագրերի օրինակով ցույց տալ առկա խնդիրների պատասխանները։ Գրիգորյանի հետ քննարկումները ոչ միայն առնչվեցին թեմատիկ հարցին, այլ նաև հնչեցին համագործակցության առաջարկներ։

Կարճ ընդմիջման ժամանակ մասնակիցները հասցրեցին կիսվել իրենց դրական տպավորություններով։

Ֆորումի աշխատանքները վերսկսվեցին պատմության մագիստրոս Ալինա Հայրապետյանի «Ազգային պատմության դասավանդման որոշ խնդիրների շուրջ»  խորագիրը կրող դիտարկումներով։ Հայրապետյանի բարձրացրած հարցերը խիստ այժեական էին և մեր ինքնության պահպանման հարցում լրջագույն մարտահրավերներ էին պարունակում։ Մասնակիցների և Հայրապետյանի միջև տեղ գտած քննարկումները ծավալուն ընթացք ստացած, քանի որ ներկաների մեջ կային նաև պատմություն դասավանդող երիտասարդներ։

Մասնակիցների ուշադրությունը սևեռվեց մշակութային կարևոր հարցի շուրջ շնորհիվ պատմության մագիստրոս Ալմաստ Մուրադյանի ներկայացրած «Պատմական ակնարկ մշակութային արժեքի հետքերով. 2022 թվականը՝ Ս. Հակոբավանքի վերածննդի տարի» թեմայով զեկույցի։ Արցախի երբեմնի կաթողիկոսանիստ Ս. Հակոբավանքի եկեղեցական համալիրի պատմության և ներկայում վերականգնման ջանքերի շուրջ պատմող զեկույցի ընթացքում Մուրադյանը կարևոր զուգահեռներ տարավ մշակութային ժառանգության և Արցախի Հանրապետության շուրջ առկա ռազմաքաղաքական ներկա վիճակի միջև՝ մատնանշելով ազգային մշակույթի պահպանման ճանապարհով ևս Արցախի հայկականությունն անսասան պահելու հնարավորությունը։ Մասնակիցների համար թեման ոչ միայն հետաքրքիր էր, այլ նաև լայն առումով նոր։

Ֆորումի աշխատանքներն ամփոփվեցին հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանի և մասնակիցների ընդհանուր դիտարկումներով։ Հնչած դիտարկումների մեջ ընդգծվում էր ընդհանուր մի միտք, որ անհրաժեշտ է ֆորումը դարձնել ամենամյա և ջանալ ընդգրկել նորանոր երիտասարդների։

Մեր համար երիտասարդական ֆորումն առաջին ու հատկանշական փորձ էր լսելու հայրենի երիտասարդությանը տեսակետները իրենց և հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների շուրջ։ Ինչն անխոս միմյանց հասկանալու, իրարամերժ տեսակետները լսելի դարձնելով՝ հնարավոր ճիշտ լուծումներ գտնելու արդյունավետ միջոց է։