ԳԻՐՔԸ ՍԱՀՄԱՆԻՆ
Գիրքը սահմանին (համառոտ նկարագրություն)
Հայ դպրոցը մշտապես եղել է մեր հանրության ապագայի շարժիչ ուժը։ Նրա ներուժը՝ հայ աշակերտն ու ուսուցիչը, պատշաճ կրթական որակ ապահովելու համար կարիք ունեն նոր գիտելիքների։ Այդ հարցում կարևոր դեր է խաղում հայկական և արտասահմանյան մասնագիտական ու գեղարվեստական ժամանակակից գրականությունը։ Այն մեծ մասամբ հասանելի չէ մեր դպրոցների գրադարաններին։ Այս առումով առավել խոցելի են սահմանամերձ բնակավայրերի դպրոցները։ Հարց, որի լուծմանը մոտենալու համար անհրաժեշտ է հասանելի դարձնել այդ գրականությունը։ Ուստի, կարևորում ենք մեր մասնակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի, այդ թվում Արցախի Հանրապետության դպրոցների գրադարանային ֆոնդի համալրման գործում։ Այս նպատակով «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համարում կազմակերպել «Գիրքը սահմանին» կրթամշակութային ծրագիր։ Արդյունքում, ծրագրին մասնակցող սահմանամերձ դպրոցները կհամալրվեն կրթական գործընթացում անհրաժեշտ հայերեն և օտարալեզու գեղարվեստական և մասնագիտական գրականությամբ։ Մասնակից դպրոցների հետ կապը չի սահմանափակվելու սույն ծրագրով։ Հիմնադրամը ջանալու է, հնարավորության սահմաններում, գործընկեր դպրոցներին ներառել կրթամշակութային այլ ծրագրերում։
2022 թվականի մասով ծրագիրը նախատեսված է ՀՀ սահմանամերձ Սյունիքի բնակավայրերի Գորիսի տարածաշրջանի Տեղի թիվ 2, Խնածախի, Վաղատուրի, Հարթաշենի, Խնձորեսկի, Ներքին Խնձորեսկի, Խոտի միջնակարգ և Արավուսի տարրական դպրոցների գրադարանային ֆոնդը հայկական և արտասահմանյան մասնագիտական ու գեղարվեստական ժամանակակից գրականությամբ հնարավորինս համալրելու համար։