ԾրագրերԿրթություն

39 փոքրիկ հայրենակիցներ ամառային դպրոցի մասնակից դարձան

39 փոքրիկ հայրենակիցներ ամառային դպրոցի մասնակից դարձան

Ավարտվեց «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի 2022 թ․ համար նախատեսված ծրագրերից ևս մեկը՝ «Փոքրիկ հայրենակից»-ը։ Մեր հայրենիքի սահմանամերձ մարզերում բնակվող բազմաթիվ երեխաներ կան, ովքեր առավելագույնս կարիք ունեն հանրային աջակցության և ուշադրության։ Նրանց առօրյան ամառային արձակուրդների օրերին դրական լիցքերով հավելելու, հայ և համաշխարհային արվեստին մոտեցնելու, հայրենասիրություն սերմանելու նպատակով հուլիսի 5-12-ը սահմանամերձ Սյու­նիքի մարզի Կապանի տարածաշրջանի թվով 14 քաղաքային և գյուղական (Օխտար, Գեղանուշ, Ծավ, Սյունիք, Վարդավանք, Արծվանիկ) համայնքների դպրոցների  3-9-րդ դասարաններում սովորող 39 երե­խաների համար կազմակերպվեց «Փոքրիկ հայրենակից» ծրագիրը։ Մասնակիցները ռազմական գործողութ­յուն­ների ժամանակ զոհված, հաշմանդամ դարձած զինվորականների, սոցիալապես անապահով, երեք և ավելի երեխաներ ունեցող, միակող­մանի ծնողազուրկ, ծնողներից մեկի խնամքի տակ գտնվող, 2020 թ․ պատե­րազ­մի արդյունքում տեղահանված ընտանիքների զավակներ էին։

Ծրագրի նախապատրաստական փուլում հիշյալ կարգավիճակներ ունեցող աշակերտների ցանկը հստակեցնելու հարցում ակտիվորեն ներգրավվեց նաև Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը Մերի Գանդալյանի գլխավորությամբ։  Կապանի համայնքապետարանի հետ համաձայեցվեց դասերի անցկացման վայրը։ Աշակերտներն ամառային դպրոցի դասերն անցկացրեցին Կապանի արվեստի մանկական դպրոցում։ Դասերը չորս ուղղությամբ էին ընթանում՝ պար, երգ, թատրոն և կերպարվեստ։ Յուրաքանչյուր աշակերտ հիմնադրամի կողմից ստացավ կերպարվեստի դասի համար անհրաժեշտ պարագաներով լի թղթապանակ։ Հիմնադրամն այս ծրագրի միջոցով նպատակ ուներ ոչ միայն նպաստել փոքրիկների կենսակերպում դրական փոփոխությունների ներդրմանը, այլ նաև՝ մարզային դաշտում արվեստի ոլորտի մասնագետների սոցիալական վիճակում դրական հավելումներին։ Այդ նպատակով ծրագրի հինգ դասվարները և խմբավարը իրենց նվիրական աշխատանքի համար հիմնադրամի կողմից վարձատրվեցին։ Արվեստի դպրոցի անշահախնդիր հյուրընկալության համար Հիմնադրամի կողմից շնորհակալագիր հանձնվեց դպրոցի տնօրեն Մարինա Նահապետյանին։ Ծրագրի ամփոփիչ ցերեկույթի ժամանակ մասնակիցները հանդես եկան երգի, պարի և թատերական ներկայացումներ ընդգրկող համարներով։ Ներկաների դատին ներկայացվեցին կերպարվեստի դասերի ժամանակ աշակերտների նկարած գունագեղ նկարները։ Օրվա երկրորդ կեսին բոլոր երեխաներն ու նրանց ծնողներն ու դասվարները մասնակից դարձան նրանց համար հատուկ կազմակերպված ժամանցային միջոցառման։

Ծրագրի իրականացման ընթացքում եղան մեր նախաձեռնությունը կարևորող շատ քաղաքացիներ։ Նրանցից Գարիկ Միրզոյանը աջակցեց մասնակիցների՝ ժամանցային միջոցառման վայր հասնելու համար տրանսպորտի ապահովման հարցում։ Այս անգամ ևս ծրագրի տարբեր փուլերում ներգրավվեցին նաև հիմնադրամի կամավորները։

Հագեցած միջոցառումներով լի ծրագիրն իր ավարտին հասցրեցինք՝ հուսալով, որ մեզ կհաջողվի տարեցտարի ընդլայնել ծրագրի աշխարհագրության սահմանները։