«ՄԵՆՔ» առաջնորդության դպրոց — 2022
«Մենք» առաջնորդության դպրոց (համառոտ նկարագրություն)
Մերօրյա ներքին և արտաքին մարտահրավերներն ավելի ակնառու են դարձնում տարաբնույթ ոլորտներում բանիմաց առաջնորդների անհրաժեշտությունը։ Նման առաջնորդների ձևավորման ճանապարհին կարևոր նշանակություն ունի նրանց գիտագործնական փորձի կուտակումը։ Այդ նպատակով էական դեր է խաղում բուհական կրթական ծրագրերի կողքին տեսականից գործնական անցում ապահովող կրթական կարճաժամկետ ծրագրի առկայությունը, որը հնարավորություն կտա ուսման մեջ առաջադիմություն ցուցաբերող համալսարանական ուսանողությանը, խոստումնալից ասպիրանտներին և երիտասարդ գիտաշխատողներին ժամանակակից մասնագիտական պահանջների շրջանակում ստանալ անհրաժեշտ փորձառություն։ Այս նպատակով «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համարում կազմակերպել «Մենք» առաջնորդության դպրոց» ծրագիրը։ Ծրագրի մասնակիցների ընտրության հարցում առկա են որոշակի սահմանափակումներ և պահանջներ։ Ծրագիրը միտված է ձևավորելու մասնակիցների միջև գործընկերային կապեր, զարգացնելու մասնագիտական ունակություններ։ Ծրագրի արդյունքում լավագույն ցուցանիշների հիման վրա ընտրված մասնակիցները որոշակի տևողությամբ առաջադիմության ամսական կրթաթոշակ կստանան։ Այդ ընթացքում մասնագիտական հմտությունների, գիտելիքների զարգացման և դրանց գործնականում կիրառման շարունակականության ապահովման նպատակով կձևավորվի «Մենք» առաջնորդության ակումբը, որին միանալու իրավունք կստանան նաև կրթաթոշակ չստացած ծրագրի մյուս մասնակիցները։ Ծրագրի ավարտին մասնակիցներին կտրվի մասնակցությունը փաստող վկայական։ Հարցարանը լրացնելու վերջնաժամկետը ապրիլի 30-ն է։ Ծրագիրը իրականացվելու է Երևանում։
Ովքե՞ր կարող են մասնակցել։
Ծրագրի մասնակիցների շրջանակը նախատեսում է ներառել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության այն քաղաքացիներին և սփյուռքահայերին, ովքեր սովորում են ՀՀ բուհերի միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, քաղաքագիտություն, իրավագիտություն, պատմություն, լրագրություն, արևելագիտություն, օտար լեզուներ մասնագիտությունների գծով բակալավրի 3-4-րդ կուրսերում ու մագիստրատուրայում և ունեն ուսման մեջ միջինից բարձր ՄՈԳ-ի ցուցանիշ, ինչպես նաև մինչև 30 տարեկան ասպիրանտներին և գիտաշխատողներին։ Ծրագրին չեն կարող մասնակցել նախորդ տարվա ընթացքում Հիմնադրամի նմանօրինակ ծրագրերի մասնակիցները։
Ինչպե՞ս են ընտրվելու մասնակիցները։
Մասնակիցների ընտրությունն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլում մասնակիցները լրացնում են մասնակցության էլեկտրոնային հայտը, բակալավրի և մագիստրատուրայի ուսանողները հիմնադրամի [email protected] պաշտոնական էլ․ հասցեին են ուղարկում ՄՈԳ-ի տվյալը հաստատող որևէ փաստաթղթի սքան տարբերակը։ Ծրագրի առաջին փուլով նախատեսված մասնակցության էլեկտրոնային հայտի լրացման և անհրաժեշտ փաստաթղթերի ուղարկման վերջնաժամկետն ապրիլի 30-ն է։ Երկու տարիքային խմբերի դեպքում էլ որպես հավելյալ դրական ցուցանիշ է դիտարկվում նրանց հասարակական գործունեության, հրապարակախոսային կամ լրատվական բնույթի հրապարակումների մասին տվյալների ներկայացումը էլեկտրոնային հարցարանում։ Էլեկտրոնային հարցարանի և պահանջված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո հիմնադրամի կողմից ընտրվում են պահանջներին առավելապես բավարարող մասնակիցները։ Այդ մասին վերջիններս տեղեկացվում են էլ․ հասցեներին ուղարկված նամակների կամ հեռախոսազանգերի միջոցով։ Նրանք անցնում են երկրորդ փուլ։ Այս փուլում մասնակիցների հետ հիմնադրամի տնօրենը անց է կացնում, առկա կամ հեռավար ձևաչափով, բանավոր հարցազրույց։ Արդյունքում տնօրենը ընտրում է ծրագրի վերջնական մասնակիցներին։ Այդ մասին ընտրված մասնակիցները տեղեկանում են էլ․ հասցեով ուղարկված ծանուցող նամակների միջոցով։
Ինչպե՞ս է ընթանալու սեմինարը։
Սեմինարը ծրագրի առաջին մասն է կազմում։ Այն տևում է յոթ աշխատանքային օր։ Դասընթացն ենթադրում է տեսական դասախոսություններ, գործնական աշխատանք։ Գործնական աշխատանքները ենթադրում են 1 վերլուծական հոդվածի պատրաստում։ Գործնական աշխատանքների կատարման համար մասնակիցները կարող են ստանալ սեմինարի յոթօրյա ժամկետից զատ ևս յոթ օր ժամանակ։ Դասախոսների կողմից երաշխավորված հոդվածները հրապարակվում են www.ditarkum.info կայքում։
Ինչպե՞ս են որոշվելու կրթաթոշակակիրները։
Առավելագույն միավոր ստացած մինչև հինգ մասնակիցների կտրվեն առաջադիմության ամսական կրթաթոշակ ստանալու մասին փաստող հավաստագրեր։ Կրթաթոշակակիրների հետ հարաբերությունները կարգավորվելու են նրանց հետ կնքվելիք պայմանագրերի հիման վրա։ Կրթաթոշակները փոխանցվելու են կրթաթոշակակիրների բանկային հաշիվներին։
Ինչպե՞ս է ապահովվելու ծրագրի մասնագիտական շարունակականությունը։
Սեմինարի ավարտից հետո սկսվում է ծրագրի երկրորդ մասը։ Մասնագիտական հմտությունների, գիտելիքների զարգացման և դրանց գործնականում կիրառման շարունակականության ապահովման նպատակով կձևավորվի «Մենք» առաջնորդության ակումբը։ Այն ձևավորվելու է ծրագրի կրթաթոշակակիրներից։ Ցանկության դեպքում՝ ակումբին միանալու իրավունք կստանան ծրագրի կրթաթոշակ չստացած, ինչպես նաև նախորդ տարում հիմնադրամի «Երիտասարդ լրագրողների դպրոց» և «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագրերի մասնակիցները։ Այն կփորձի գեներացնել հետաքրքիր գաղափարներ, հանդես գալ տարաբնույթ նախագծերով՝ իբրև երիտասարդական հարթակ միավորելով բանիմաց և նպատակասլաց հայրենակիցների։ Ակումբի անդամները կներկայացնեն իրենց ընթացիկ մասնագիտական դիտարկումները, հայրենի և համաշխարհային անցուդարձի մասին քննարկումները www.ditarkum.info կայքում։