ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
Գիտավերլուծական հրապարակումներ
Մեկնարկում է «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի «Գիտավերլուծական հրապարակումներ» գիտագործնական ծրագիրը։ Ծրագրի նպատակը գիտության փորձառու և խոստումնալից գիտնականների մասնագիտական գործունեության խթանումն է։ Լավագույն հոդվածների հեղինակները կստանան 40000 ՀՀ դրամի չափով խրախուսական դրամական նվիրատվություն։ Համահեղինակությամբ գրված հոդվածների դեպքում ընդունվում են մինչև երեք համահեղինակ ունեցող հոդվածները։ Երեք համահեղինակ ունեցող հոդվածի դեպքում յուրաքանչյուր համահեղինակ կստանա 13000, իսկ երկու համահեղինակ ունեցող հոդվածի դեպքում յուրաքանչյուր համահեղինակ կստանա 20000 ՀՀ դրամի չափով խրախուսական դրամական նվիրատվություն։ Ընթերցողների լայն լսարանին հոդվածները հասանելի դարձնելու նպատակով հիմնադրամը կապահովի վերջիններիս հրապարակումը www.ditarkum.info լրատվական-գիտավերլուծական կայքում։ Գիտավերլուծական հոդվածը հանդիսանում է հեղինակի մտքի արգասիքը։ Հեղինակը պահպանում է հոդվածի բոլոր հեղինակային իրավունքները։ Ծրագրին մասնակցելու համար կարելի է ներկայացնել այն հոդվածը, որը որևէ տեղ չի հրապարակվել, արդիական է, գիտական նորույթ է պարունակում և ունի հստակ արտահայտված կիրառական նշանակություն։ Հոդվածին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև ոլորտի մասնագետի կողմից գրված մեկ գրախոսություն։ Հիմնադրամի կողմից ընտրվում են առավել արդիական, կարևոր գիտական նորույթ պարունակող և հստակ կիրառականություն ապահովող հոդվածները՝ հենվելով նաև գրախոսության ու ասպիրանտի դեպքում նաև երաշխավորագրի վրա։ Հիմնադրամն իրեն իրավունք է վերապահում մերժելու նշված պահանջները չբավարարող հոդվածները առանց մասնագիտական դիտարկումների և մեկնաբանությունների։ 2021 թվականին նախատեսվում է խրախուսական դրամական նվիրատվություն տրամադրել մինչև 15 գիտական հոդվածի համար, որից մինչև ինը պետք է առնչվեն ֆիզիկային, քիմիային, մաթեմատիկային, կենսաբանությանը և տեխնիկական գիտություններին, երկուսը՝ բժշկությանը, երկուսը՝ գյուղատնտեսական գիտություններին, երկուսը՝ հայագիտությանը։ Հոդվածի համար պահանջվող փաստաթղթերին և տեխնիկական մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Հոդվածները կարող եք ներկայացնել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 5-ը։