Նորություններ

Սահմանամերձ 9 դպրոցներն ու նրանց 78 աշակերտները ստացան նախատեսված նվիրատվությունը

Սահմանամերձ 9 դպրոցներն ու նրանց 78 աշակերտները ստացան նախատեսված նվիրատվությունը
Սույն թվականի օգոստոսի 23-ին Կապանի մշակույթի կենտրոնի Մեծ դահլիճում ամփոփվեցին «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի «Գիրքը սահմանին» և «Սահմանի աշակերտի կողքին» ծրագրերը։ Նվիրատվությունների արժանացան Կապանի տարածաշրջանի Ագարակ, Գեղանուշ, Դավիթբեկ, Եղվարդ, Ծավ, Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Սյունիք սահմանամերձ գյուղերի դպրոցները և նրանց 1-ից 4-րդ դասարաններում սովորող շուրջ 78 աշակերտները՝ բացառությամբ Կապանի համայնքապետարանի կողմից պայուսակ և գրենական պիտույքներ ստացած որոշ 1-ին դասարանի աշակերտների։ Ներկաներին իրենց ելույթներով հաճելի պահեր պարգևեցին Կապանի մշակույթի կենտրոնի երգի և պարի համույթների սաները։
Ողջույնի խոսքով հանդես եկավ հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը։ Նա ընդգծեց, որ հիմնադրամի համար սկզբունքային դիրքորոշում է հայրենի սահմանամերձ բնակավայրերին աջակցելուն միտված ծրագրերի իրականացումը։ Հովհաննիսյանը ներկաներին փոխանցեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հարություն Սուրմալյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները’ նշելով հիմնադրամի այսօրինակ գործունեության հարցում վերջինիս ցուցաբերած մեծ ջանքերի մասին։
Հովհաննիսյանը նշեց նաև, որ հիմնադրամը իր գործունեությամբ նաև կարողանում է միավորել սփյուռքի տարբեր անկյուններում ապրող հայրենակիցների։ Դոնի Ռոստովի, Հայաստանի մեր աջակիցներին  միացել են նաև Կանադայից «Ատկեն Արմենիան» հիմնադրամը և Դուբայում բնակվող մի խումբ հայորդիներ։ Իր խոսքում Հովհաննիսյանը կարևորեց Կապան համայնքի և Սյունիքի մարզպետարանի ոլորտային կառույցների հետ ծրագրերի ընթացքում արձանագրած գործակցությունը։
Իր շնորհակալական խոսքում Դավիթբեկ գյուղի տնօրեն Վրեժ Բալայանը խիստ կարևորեց հիմնադրամի գործունեությունը’ հավելելով, որ ամեն կերպ փորձելու է բարձրաձայնել հիմնադրամի կատարած աշխատանքները։
Իր շնորհակալական ելույթում հիմնադրամի ղեկավարությանը և հոգաբարձուների խորհրդի նախագահ Հարություն Սուրմալյանին երախտիքի խոսքեր հղեց նաև Սյունիք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլիթ Առաքելյանը։ Նա կարևորեց սահմանամերձ գյուղերի կողքին լինելու հանգամանքը’ նշելով, որ հայրենիքը սկսվում է հենց սահմանից։
Ակնհայտ էր, որ միջոցառման մասնակից մեր աշակերտները գոհ ու երջանիկ էին։ Հույս ունենք, որ մեր նվերները լավագույնս կնպաստեն այս չքնաղ մանուկների կրթության առաջընթացին։ Մաղթում ենք նրանց հաջող ուսումնական տարի խաղաղ ու ապահով երկրում։
Մամուլի արձագանքը