ԿրթությունՆորություններ

Ծրագրային քննարկումներ Կապանի սահմանամերձ բնակավայրերում

Ծրագրային քննարկումներ Կապանի սահմանամերձ բնակավայրերում
Նոր Նախիջևան մարդասիրական հիմնադրամն իր որդեգրած քաղաքականության հիմքում կարևոր տեղ է հատկացնում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում մարդասիրական ծրագրերի իրականացմանը։ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ մի շարք շրջաններ ձեռք բերեցին անմիջական սահմաններ Ադրբեջանի հետ։ Ի հայտ եկան բազմաթիվ խնդիրներ։ Այդօրինակ սահմանամերձ շրջանների թվում առավել երկար սահմանը բաժին հասավ Սյունիքի մարզի Կապան քաղաքին՝ իր գյուղական բնակավայրերով հանդերձ։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Հիմնադրամն առաջնահերթ է համարում սահմանամերձ շրջանների համար նախատեսված իր ծրագրերը սկսել հիշյալ երկրամասում։ Այդ նպատակով սույն թվականի հունիսի 27-ից հուլիսի 3-ը Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջան աշխատանքային այցով մեկնել էր Հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը։ Այցի ընթացքում Հովհաննիսյանը հանդիպեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ։ Քննարկվեցին հնարավոր համագործկացության հարցեր։  Սյունիքի մարզպետարանի Կրթության բաժնի պետ Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ Մհեր Հովհաննիսյանն այցելեց անմիջականորեն սահմանամերձ բնակավայր դարձած Դավիթ Բեկ, Սյունիք, Ծավ, Շիկահող, Եղվարդ, Գեղանուշ, Ագարակ, Ներքին Հանդ և Ճակատեն գյուղեր։ Գյուղերում հանդիպումներ եղան տեղի դպրոցների տնօրենների հետ և առավել մանրամասնորեն քննարկվեցին Հիմնադրամի «Գիրքը սահմանին» և «Սահմանի աշակերտի կողքին» ծրագրերը։ Արդյունքում, այս դպրոցները կհամալրվեն նոր հրատարակված ծրագրային գեղարվեստական և գիտահանրամատչելի գրականությամբ, իսկ 1-4-րդ դասարանների աշակերտները սեպտեմբերի 1-ին ընդառաջ կստանան  դպրոցական պայուսակներ ու անհրաժեշտ գրենական պիտույքներ։ Բացառություն կկազմեն 1-ին դասարան հաճախել պատրաստվող այն աշակերտները, ովքեր մանկապարտեզն ավարտելուց հետո Կապանի քաղաքապետարանի կողմից ստացել են նմանօրինակ նվերներ։  Լիահույս ենք, որ ծրագրերը հնարավոր կլինի ավարտին հասցնել արդեն օգոստոս ամսվա վերջին։
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի և նրա խորհրդական Արմեն Սարգսյանի հետ։
Սյունիքի մարզպետարանի Կրթության բաժնի պետ Հայկ Հարությունյանի և Եղվարդ գյուղի դպրոցի տնօրեն Մանյա Գևորգյանի հետ։
Դավիթ Բեկ գյուղի դպրոցի տնօրեն Վրեժ Բալայանի հետ։
Սյունիք գյուղի դպրոցի տնօրեն Լիլիթ Առաքելյանի հետ։
Շիկահող գյուղի դպրոցի տնօրեն Արևիկ Հակոբյանի և ուսուցիչների հետ։
Ագարակ գյուղի դպրոցի տնօրեն Սուսաննա Խաչատրյանի հետ։
Ճակատեն գյուղի դպրոցի տնօրեն Եղիշե Բաբայանի հետ։
Ներքին Հանդ գյուղի դպրոցի տնօրեն Դոնարա Սողոմոնյանի հետ։
Ծավ գյուղի դպրոցի տնօրեն Յուրիկ Մարտիրոսյանի հետ։
Գեղանուշ գյուղի դպրոցի տնօրեն Գայանե Գրիգորյանի հետ։