ՍԱՀՄԱՆԻ ԱՇԱԿԵՐՏԻ ԿՈՂՔԻՆ

Սահմանի աշակերտի կողքին

Մեր հայրենիքի սահմանամերձ գյուղերն առավել քան այսօր հոգածության կարիք ունեն։ Այս առումով կարևոր են այնպիսի ծրագրերը, որոնք պետք է աջակցեն գյուղացուն։ Այդ ճանապարհով նաև հնարավոր կլինի կանխել գյուղից նրա բնակչի հեռանալը։ Նմանօրինակ ծրագրերի թվում առավել արդյունավետ ենք համարում հասցեական աջակցություն ենթադրող ծրագրերը։ Այստեղ առանձնահատուկ ուշադրության են արժանի սոցիալապես անապահով և դպրոցահասակ երեխաներ ունեցող երիտասարդ ընտանիքները։ Ավելի կոնկրետ՝ նրանց երեխաները։ Ուստի, կարևորում ենք մեր մասնակցությունը ՀՀ սահմանամերձ բնակավայրերի դպրոցների տարրական դասարաններում (1-4-րդ դասարան) սովորող երեխաներին աջակցությունը։ Այս նպատակով «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համարում Հայաստանի սահմանամերձ գյուղերի դպրոցների և Սփյուռքի շահագրգիռ կառույցների հետ գործակցաբար կազմակերպել ամենամյա «Սահմանի աշակերտի կողքին» կրթասիրական ծրագիր։ Արդյունքում, ծրագրին մասնակցող սահմանամերձ գյուղերի դպրոցների տարրական դասարաններում սովորող երեխաները (բացառությամբ մինչ այդ արդեն նմանօրինակ նվիրատվություն ստացածների), սեպտեմբերի 1-ին ընդառաջ, կստանան դպրոցական պայուսակ և անհրաժեշտ գրենական պիտույքներ։

2021 թվականի մասով ծրագիրը նախատեսված է ՀՀ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Դավիթբեկ, Ճակատեն, Եղվարդ, Ծավ, Ներքին Հանդ, Ագարակ, Սյունիք, Գեղանուշ, Շիկահող սահմանամերձ գյուղերի դպրոցների տարրական դասարաններում սովորող մինչև 100 (հարյուր) երեխայի (բացառությամբ մինչ այդ արդեն նմանօրինակ նվիրատվություն ստացածների) համար, ովքեր սեպտեմբերի 1-ին ընդառաջ դպրոցական պայուսակ և անհրաժեշտ գրենական պիտույքներ կստանան հիմնադրամի կողմից։

Կապ մեր հետ։